Արմավիրի հաստոցաշինական գործարանը Տ. Դավթյանին ներկայացրեց իր արտադրած մինի տրակտորը

Արմավիրի հաստոցաշինական գործարանը այսօր նորարարությամբ ներկայացավ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին: Գործարանն արտադրել է բազմաֆունկցիոնալ մինի տրակտոր, որը, ընկերության տնօրեն Անդրանիկ Սարգսյանի հավաստմամբ, պահանջված արտադրանք կդառնա ներքին սպառման շուկայում:

Տ. Դավթյանը, տեղում ծանոթանալով տրակտորի աշխատանքային հնարավորություններին, շատ հնարավոր համարեց պետական աջակցություն ցուցաբերել այս արտադրության հիմնադրմանը, իսկ մինչ այդ պատվիրեց գործարանի աշխատակազմին սպառողների շրջանում հստակեցնել պահանջարկի ծավալները: «Պետք է հղկենք այս գաղափարը, տեխնոլոգիական բավարար մակարդակի հասցնենք արտադրությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախարարը՝ նկատելով, որ ընկերությունում ակտիվ է ինժեներական ստեղծագործական միտքը, ինչն էլ շատ ողջունելի է: «Արմավիրի մարզը հայտնի է որպես գյուղատնտեսական ներուժ ունեցող շրջան, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ կա նաեւ արդյունաբերություն»,-փաստեց նա՝ հավելելով, որ այս ճյուղի զարգացման հեռանկարները խոստումնալից են:

2011 թ. հունիսի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է 31.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճի տեմպ արձանագրելով 67 տոկոսով:

«Արմավիրի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերությունը հիմնադրվել է 1930-ական թթ.: Խորհրդային տարիներին թողարկելէ սեղանի եւ ռադիալ-գալնիկոնային տարբեր մոդելների հաստոցներ: Ընկերությունը մասնավորեցվել է 1995 թ. եւ հիմնական պահպանվել է իր ուղղվածությունը՝ արտադրանքի հիմնական մասը արտահանելով ԱՊՀ երկրներ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն:

Գալնիկոնային հաստոցների պահանջարկի նվազման հետեւանքով, ընկերությունը ներկայում իրականացնում է մինչեւ 9 կգ ձուլածո դետալների արտադրություն, որի համար ունի Հայաստանում եզակի համարվող՝ գերճշգրիտ ճնշման վառարան: